ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Հայաստանի ազգային համալսարանը բարձր մակարդակ ունի»

«Հայաստանի ազգային համալսարանը  բարձր մակարդակ ունի»
21.10.2014 | 12:38

Իտալիայի ՈՒդինեի պետական համալսարանը հետաքրքրված է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հետ համագործակցությամբ։
«Հայաստանի ճարտարապետության և շինարարության համալսարանի կողմից իրականացվող և նախատեսվող միջազգային գիտաժողովները նպաստեցին, որ ՈՒդինեի պետական համալսարանի ռեկտորը հետաքրքրվի Հայաստանի համալսարանով»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց իտալահայ ճանաչված քանդակագործ Դանիել Թեմրեսյանը։ Այլ կերպ ասած, ՈՒդինեի պետական համալսարանի կողմից համագործակցության առաջարկ չէր լինի, եթե 2014-ի մայիսին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում ՃՇՀԱՀ-ի նախաձեռնությամբ չկայանար հայկական պատմամշակութային և պատմաճարտարապետական ժառանգության պահպանման թեմայով գիտաժողովը։
Հոկտեմբերի 20-ին ՃՇՀԱՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Գագիկ Գալստյանի հետ հանդիպման ժամանակ իտալահայ քանդակագործը համալսարանին նվիրեց իր քանդակներից մեկը։ «Ձեր նվերը մեզ համար շատ արժեքավոր է և՛ որպես արվեստի գործ, և՛ որպես համալսարանի նկատմամբ մեր հայրենակցի ջերմ վերաբերմունքի դրսևորում»,- շնորհակալական խոսքում ասաց Գագիկ Գալստյանը, ճանաչված քանդակագործին առաջարկելով պարբերաբար ՃՇՀԱՀ-ում անցկացնել վարպետության դասեր։ Ի դեպ, վարպետության առաջին դասը կայացավ հոկտեմբերին 17-ին։ Այն լավ հնարավորություն էր ուսանողների համար մասնագիտական հմտությունները բարձրացնելու առումով։ Եվ քանի որ Դանիել Թեմրեսյանի համար սա առաջին վարպետության դասն էր ՃՇՀԱՀ-ում, հետաքրքիր էր իմանալ իտալահայ քանդակագործի տեսակետը մեր համալսարանի մակարդակի վերաբերյալ՝ արդյոք այն համապատասխանո՞ւմ է միջազգային չափանիշներին։ «Այս մի քանի օրվա ընթացքում այն, ինչ ուսումնասիրեցի և տեսա, գոհացնող է։ Կարող եմ ասել, որ, այո, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը բարձր մակարդակ ունի։ Կարծում եմ, որ հայ և իտալացի ուսանողներն իրարից սովորելու բան ունեն»,- ասաց Դանիել Թեմրեսյանը։
Եթե նկատենք, որ ՃՇՀԱՀ-ն համագործակցում է բազմաթիվ եվրոպական երկրների համալսարանների հետ, և ճարտարապետության դիպլոմը ճանաչված է Ֆրանսիայի կառավարության կողմից, պետք է ենթադրել, որ այս համալսարանի մակարդակը եվրոպական չափանիշներին համապատասխան է։ Կհաստատվի՞ ՈՒդինեի պետական համալսարանի և ՃՇՀԱՀ-ի միջև համագործակցություն, ժամանակը ցույց կտա։ Համենայն դեպս, քանդակագործ Դանիել Թեմրեսյանի նվերը և ՃՇՀԱՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Գագիկ Գալստյանի՝ քանդակագործին շնորհած պատվոգիրը կարելի է հետագա համագործակցության լավ նախադրյալ համարել։


Հասմիկ ԹԵՐԶՅԱՆ

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ